Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բռնցքամարտի հայկական դպրոցի մեծ տոն... Գերմանիայում

Բռնցքամարտի հայկական դպրոցի մեծ տոն... Գերմանիայում
10.10.2008 | 00:00

Համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտում ևս մեկ փառավոր էջ գրվեց։ 2007 թվականի Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անցած շաբաթ օրը Բամբերգ քաղաքում IBF տարբերակով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտում ուժերը չափեց մեքսիկացի Ռաուլ Մարկեսի հետ։
Վլադիմիր Ենգիբարյանի անվան պատանի բռնցքամարտիկների մասնագիտացված մարզադպրոցի սանը նոր անուն չէ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճեց 2005 թվականին։ Այս ընթացքում 28-ամյա «Ռինգի արքան» անցկացրել է 27 մարտ, տոնել նույնքան հաղթանակ, դրանցից 25-ն ավարտել նոկաուտով։ Նախկին երևանցին ամենահանրահայտ մարզիկներից մեկն է Գերմանիայում։ Նրա հանդիպումները հեռուստաէկրանի առջև են հավաքում այս երկրի միլիոնավոր մարզասերների։ Հիշենք թեկուզ այս տարվա մարտ ամսին Քիլ քաղաքում՝ ամերիկացի Էլվին Այալայի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը, որտեղ 5-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց մրցակցին։ ARD հեռուստաընկերության տվյալներով՝ այս մարտի ընթացքին հետևել էր 6 միլիոն 320 հազար մարդ։
Հունիսի 1-ին Արթուրն առաջին անգամ կանգնեց ամերիկացի մարզասերների առջև։ Այս անգամ նրա մրցակիցն էր Էդիսոն Միրանդան։ Սպասված պայքարն, իհարկե, չստացվեց։ Արդեն 4-րդ ռաունդում ամերիկացին հայտնվեց ռինգի հատակին։ Այդ նույն օրը ռինգ դուրս եկավ նաև Ռաուլ Մարկեսը, որն իր հերթին առավելության հասավ մինչ այդ անպարտելի հռչակված Ջովանի Լորենցոյի նկատմամբ։ Այս հաղթանակն էլ Մարկեսին իրավունք տվեց մարտահրավեր նետելու աշխարհի չեմպիոնին։
Մեքսիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտի հնաբնակներից է։ 37-ամյա մարզիկն անցկացրել է 46 մարտ, տոնել 41 հաղթանակ, որոնցից 19-ը՝ նոկաուտով։
Մարկեսի հետ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 4-ին, սակայն Արթուրի հիվանդության պատճառով այն հետաձգվեց։ Եվ ահա նոյեմբերի 8-ին Բամբերգի մարզասերներով լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը։ Առաջինը ռինգ բարձրացավ Ռաուլ Մարկեսը, ապա դահլիճի կիսախավարի մեջ մրցավար-հաղորդավարի «Արթուր արքա» բազմախոսուն հայտարարությունից հետո լուսավորվեց տրիբունայի այն հատվածը, որտեղ իր արքայական բարձրության վրա, սպիտակաթույր ծիրանիով, ոսկե թագը գլխին կանգնած էր մարզասերների սիրելին։ Վերջին տարիներին շատ անգամ ենք դիտել պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր, սակայն ոչ մի անգամ որևէ մարզիկի նման մեծարման չեն արժանացրել։ Թատերականացված նախերգանքին հետևեց ոչ պակաս թատերականացված մենամարտը։ Առաջին երկու ռաունդներն անցան արտաքուստ հանգիստ։ Երրորդ ռաունդում Մարկեսի նյարդերը Արթուրի հոգեբանական ճնշմանը չդիմացան։ Մեքսիկացին փորձեց գրոհել, սակայն հետևեց Արթուրի հուժկու և դիպուկ հարվածաշարը։ Մարկեսը 4-րդ ռաունդում կրկին փորձեց ակտիվանալ, սակայն հերթական հուժկու հարվածները դարձյալ ցնցեցին նրան։ 5-րդ՝ համեմատաբար հանգիստ ռաունդին հաջորդեց 6-րդ՝ հզոր արարվածը, որի ավարտից հետո մեքսիկացի բռնցքամարտիկի մարզիչները ստիպված էին ընդունել իրենց պարտությունը, իսկ դա նշանակում էր, որ տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհվեց «Ռինգի արքային»։ Դա 28-ամյա Արթուր Աբրահամի 28-րդ հաղթանակն էր և աշխարհի չեմպիոնի ութերորդ դափնեպսակը։
Արթուրը Ռաուլ Մարկեսի նկատմամբ տարած ավելի քան համոզիչ հաղթանակով մեկ անգամ ևս հաստատեց, որ պատրաստ է հաջորդ տարվա փետրվար ամսին ժամանել ԱՄՆ և միավորիչ մրցամարտ անցկացնել 26-ամյա Քելի Պավլիկի՝ WBC և WBO տարբերակներով աշխարհի չեմպիոնի հետ։ Կցանկանա՞ Պավլիկն ընդունել Աբրահամի մարտահրավերը, առայժմ դժվար է ասել։ Բանն այն է, որ հոկտեմբերի 18-ին Պավլիկը հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, 43-ամյա Բեռնարդ Հոփքինսի հետ։ Ամերիկացին, որը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 34 հաղթանակ, որոնցից 30-ը՝ նոկաուտով, այս անգամ պարտվեց այս ոչ տիտղոսավոր մարտում։
-Անկեղծ ասած, չէի սպասում, որ Արթուր Աբրահամն այդքան հզոր կգործի,- համբուրգյան հանդիպումից հետո ասաց Մարկեսը։- Նրա հարվածներն ավելի դիպուկ էին։ Նա ոչ մի ավելորդ գրոհ չձեռնարկեց։
Աշխարհի ութակի չեմպիոնը շնորհակալություն հայտնեց մարզասերներին ցուցաբերած սիրո, հավատի և վստահության համար, հաստատելով, որ ինչպես միշտ, ի դեմս իրեն, այս անգամ էլ հաղթեց հայկական կամքի ուժը...
Դե ինչ, կաշվե ձեռնոցի մեծագույն վարպետը մրցաշրջան-2008-ի համար նախատեսված երեք մարտերն էլ ավարտեց հաղթանակով և քայլ առ քայլ մոտենում է իր գլխավոր երազանքին՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի բարձունքին, և միանգամայն հնարավոր է, որ դա տեղի ունենա հենց փետրվար ամսին, պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային կենտրոնում՝ ԱՄՆ-ում...
Մեր խոսքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին հավանաբար թերի լինի, եթե հպանցիկ չանդրադառնանք Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ևս մեկ... հայ բռնցքամարտիկի, որը հայտնի է... «Մարդասպան թագուհի» մականունով։ Խոսքը վերաբերում է ծնունդով արցախցի Սյուզան Կենտիկյանին։ Սյուզին բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից, 2001-2004 թվականներին հաղթող է ճանաչվել Համբուրգի պատանեկան առաջնություններում, իսկ 2003-2004 թվականներին՝ մեծահասակների սիրողական ռինգում անցկացրել է 25 հանդիպում, որոնցից 24-ում հասել է հաղթանակի։ Կենտիկյանի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ տեղի ունեցավ 2006 թ. հունվարի 15-ին։ Նա չորս ռաունդանոց մարտում պարտության մատնեց բուլղարացի Իլիոնա Բոնևային։ 2007 թվականին Սյուզին նվաճեց WBA տարբերակով աշխարհի չեմպիոնի թափուր մնացած տիտղոսը` 9-րդ ռաունդում պարտության մատնելով վենեսուելացի Կարոլինա Ալվարեսին։ Այս ընթացքում նա երեք անգամ պաշտպանել է իր տիտղոսը. 2007-ի դեկտեմբերի 7-ին Սյուզին, պարտության մատնելով ֆրանսուհի Նադի Հոկմինին, աշխարհի չեմպիոն հռչակվեց նաև WIBF տարբերակում։ Այս տարի 21-ամյա մարզուհին երեք անգամ մտավ ռինգ և հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները։
Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 22 հաղթանակ, դրանցից 16-ը՝ նոկաուտով...
Այս տարվա օգոստոսի 30-ին Սյուզի Կենտիկյանի կյանքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն։ Համբուրգում, քաղաքային բարձրագույն իշխանությունների կողմից, նրան հանձնվեց գերմանական քաղաքացիության վկայականը։ 1996-ից փախստականների ճամբարում բնակություն հաստատած Կենտիկյանների ընտանիքն այժմ կարող է հանգիստ շունչ քաշել։ Երկրից վտարվելու վտանգն արդեն դարձել է անցյալ։ Այսօր երիտասարդ մարզուհին գերմանական պրոֆեսիոնալ բռնցքամարտի այցեքարտերից մեկն է, նրա հպարտությունը, և նրան առաջիկայում անդրադառնալու դեռ շատ առիթներ կլինեն։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5141

Մեկնաբանություններ